Ու՞մ էր Գրիգը հրավիրել իր սթենդ-ափին

«Վա՜յ, Գրիգ, Գրիգ» խորագիրն է ընտրել հումորիստ Գրիգն իր նոր սթենդ-ափ շոուի համար, որով նոյեմբերի 21-ին հանդես եկավ «Բոհեմ» թատրոնում:

Դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ հանդիսատեսի բարձր տրամադրությունն ու ծիծաղելու ակնկալիքը՝ նկատելի: Գրիգը որոշել էր տարբերվել եւ ներկաներին բարեւել յուրահատուկ ձեւով: Սկզբում նա բեմից ողջունեց, ապա նշեց, որ այդպես չի լինի. պետք է բոլորին ձեռքով բարեւի: Մինչ հանդիսատեսը չէր հավատում, որ նման բան կանի, նա իջավ եւ առաջին ու երկրորդ շարքերում նստածներին անհատապես ողջունեց, գրկեց եւ շնորհակալություն հայտնեց ներկայության համար, այնուհետեւ բարձրանալով բեմ, անցավ իր հումորներին:

Ներկայացումը բաղկացած էր 2 մասից: Մոտ մեկ ժամ ելույթից հետո Գրիգը հայտարարեց փոքր-ինչ դադար, ապա կրկին վերադարձավ ու անցավ երկրորդ հատվածին: Գուցե 2 ժամը թվում է երկար այս ժանրի համար, սակայն մինչեւ վերջ դահլիճում բարձր ծիծաղն ու ծափահարությունները չդադարեցին:

Կենցաղային թեմաներ, կնոջ եւ տղամարդու տարբերություններ, ժամանակակից ու երեխաների հանդեպ չափազանց ուշադիր մայրիկներ, ընտանեկան զավեշտալի իրավիճակներ եւ քաղաքական նուրբ ու թեթեւ զեղումներով հումորներ էին առկա ներկայացման մեջ, իսկ սցենարային աշխատանքում իրեն օգնելու համար Գրիգը շնորհակալություն հայտնեց իր ընկերներ Վան Գրիգորյանին, Արմեն Սարգսյանին եւ Ռոբերտ Մարտիրոսյանին:

Ինչպես ներկայացման սկզբում Գրիգն ինքնատիպ գտնվեց, այնպես էլ վերջում. նա բեմ հրավիրեց բոլոր կանանց ու աղջիկներին եւ Արամ MP3-ի «Կուզես» երգի հնչյունների ներքո խոստովանեց, թե որքան կարեւոր տեղ են գրավում նրանք տղամարդկանց կյանքում, եւ թե որքան են տղամարդիկ հպարտանում իրենց կանանցով:

Իսկ ամենավերջում Գրիգը զրույց ունեցավ լրագրողների հետ՝ պատմելով ներկայացման սովորականից մի քիչ երկար տեւողության, ներկա ու բացակա հյուրերի եւ առաջիկա ծրագրերի մասին:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ